Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Եվ այսպես... Հետաքրքիր մարդիկ մեր կողքին

Տարիներ առաջ էր, իսկ ավելի ստույգ` 2004-ին: Զրույցներից մեկի ընթացքում պրոֆեսոր Տիգրան Ասմանգուլյանը, ով այն ժամանակ ընդհանուր հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչն էր, նշեց, որ Զատիկի առիթով իր դասախոսության 45 րոպեանոց մի դասաժամը նվիրելու է հոգևոր երաժշտության այն գոհարներին, որոնց թեման առնչվում է Քրիստոսի խաչելությանը և հարությանը:

 

Ես ցանկացա այդ օրը ներկա լինել նրա դասախոսությանը, քանզի շատ էի լսել դասական երաժշտությանը նրա քաջագիտակության, եզակի ձայնագրություններով հարուստ նրա հավաքածուի, իր իմացածը դիմացինին, հատկապես ուսանողներին հաղորդելու չափազանց բարյացկամ վերաբերմունքի մասին: 

 

Ի դեպ` դասական երաժշտության մի հրաշալի համերգի ժամանակ մեր համերգային դահլիճներից մեկում կողքիս աթոռին Տիգրան Արմենակովիչն էր նստած, և ես ականատեսն ու ականջալուրը եղա ոչ միայն երաժշտության ըմբոշխման նրա պաթետիկ հոգեվիճակին, այլև ընդմիջումների ժամանակ` նրա քաջագիտակ վերլուծություններին:

 

… Լսարանը` փոքր ինչ աղմկոտ, ակնհայտորեն պատրաստ չէր նրա նախատեսած միջոցառմանը: Ինձ հետաքրքրում էր, թե համաշխարհային երաժշտությունից շա¯տ հեռու, մեծ մեղք գործած չեմ լինի, եթե ասեմ` երաժշտության ռահվիրաներից շատերի անգամ անունները չլսած մեր ուսանողների գերակշիռ մեծամասնությունը ինչպես է արձագանքելու: Մինչ երաժշտությունը միացնելը` փոքրամարմին ու արագաշարժ պրոֆեսորը` վախենալով, որ ժամանակը չի հերիքի, գրատախտակին արագ-արագ գծապատկերներով ցանկանում էր տեսանելի դարձնել այն, ինչը պետք է լսեն շուտով: Մեկնաբանություններ էր տալիս երգչախմբի, նվագախմբի, նրանում ընդգրկված գործիքների, նրանց հերթագայության, ռիթմի մասին, մասնագիտական տերմինաբանությամբ բացատրում այն հրաշքը, որ պետք է նրանց հասցներ Հենդելի, Մոցարտի, Բախի, Եկմալյանի երաժշտությունը:

 

… Եվ հնչեց փառահեղ, սքանչելի, հուզախառն երաժշտությունը…

 

Նորից մոտենալով գրատախտակին` ծերունազարդ պրոֆեսորը նկարածի վրա մատով ցույց տալով աստիճանները, որոնք համապատասխանում էին ձայնի, տոնի բարձրացմանը, ռիթմի փոփոխությանը, մյուս ձեռքով չափ էր տալիս` կարծես ղեկավարելով նվագախումբը, իրականում ցանկանալով օգնել ուսանողին` զգալ երաժշտության ռիթմը:

 

Երբեմն-երբեմն նա թողնում էր բացատրությունը, նստում առաջին շարքում և… ըմբոշխնում երաժշտությունը: Գլխի շարժումից տարիների ճերմակը կրող մազափունջն անհանգիստ վետվետում էր քունքի վրա, իսկ ձեռքն օդում չափ էր տալիս: Բժշկագիտության դոկտոր-պրոֆեսորը Հենդել էր լսում և օգնում լսարանին` զգալ այն վեհն ու ողբերգականը, որ միախառնվել էին աստվածաշնչյան թեմային և նպատակ ունեին սրբագործել մարդու հոգին: 

 

Եվ քանի որ 7-րդ լսարանի վերջին շարքում նստած լինելս օգնում էր հայացքով ընդգրկել ողջ լսարանը` աշխատում էի տեսնել, թե ինչպես են արձագանքում ուսանողները իրենց դասախոսի տքնանքին և հնչող հրաշքին:

 

Չէի ասի` թե բոլորը կլանված լսում էին: Լսարանում և զրուցողներ կային, իհարկե, ի պատիվ իրենց` ոչ շատ բարձրաձայն, և գլուխները սեղաններին դրածներ, և առիթն օգտագործելով` ուրիշ դասի պատրաստվողներ, դասախոսություններ կամ տնային հանձնարարություններ արտագրողներ: 

 

Բայց բոլորի գլխավերևում, լսարան-դահլիճի բարձրաթռիչք կամարների ներքո, հանդիսավոր մեղեդիների կախարդիչ հնչյուններն էին թևածում: Սիրտս մի տեսակ ցավում էր այն ողջ ճիգի համար, որ թափվում էր, և այն անտարբերության համար, որ այս ամենի հանդեպ ցուցաբերում էր ինչ-որ բան արտագրող աղջիկը: Անընդհատ ժամացույցին նայող ալեհեր պրոֆեսորը հաշվարկել էր րոպեները և վախենում էր, որ ինչ-որ բան չի հասցնի, կարևոր մի բան կիսատ կմնա:

 

Ես այնպես էի ցանկանում, որ բոլորը լսեն նրան, տեսնեն ու զգան նրա մեծ ու բարի ցանկությունը` իրենց հաղորդակից դարձնելու վեհին, բարուն, գեղեցիկին, հրաշալիին:

 

Զանգին մնում էր մի քանի րոպե: Ես հայացքս նորից սահեցրի լսարանի երկայնքով. արտագրող աղջիկը, մինչև կարդար արտագրելիք տողը, գրիչ բռնած ձեռքով երաժշտության ռիթմին համապատասխան կտկտացնում էր տետրի վրա: Գլուխը սեղանին դրած տղայի քնկոտ աչքերը` կողքի աղջկան ուղղված, լցվել էին քնքշանքով, սիրով: Զրուցող տղաներից մեկը` խոսակցությանը զուգահեռ, սեղանին մատներով թմբկահարում էր երաժշտությանը համահունչ ռիթմով…

 

Սա էր հրաշքը: Բուժական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները երաժշտություն էին լսում, բոլորի հոգիները բաց էին կախարդիչ հնչյունների առջև:

 

Ես ուրախ էի, որ զուր չէին այն ջանքերը, որ այդպես ջանադրորեն ներդնում էր համաշխարհային երաժշտության մեծ գիտակը` պրոֆեսոր Տիգրան Արմենակի Ասմանգուլյանը: 

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ